Facebook սոցիալական ցանցի ներկայացուցիչները հերքել են այն մեղադրանքները, թե ցանցը հետևում է ինտերնետ օգտատերերի sms -հաղորդագրություններին: Այս մասին հաղորդում է ամերիկյան Business Insider ինտերնետ հրատարակությունը` վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կիրակի բրիտանական The Sunday Times պարբերականը գրել էր, թե Facebook-ը հնարավորություն ունի կարդալու սոցիալական ցանցերի հավելվածներ ներբեռնած՝ սմարթֆոն օգտագործողների տեքստային հաղորդագրությունները:
«Sunday Times-ը ճիշտ չէ, երբ գրում է, որ Facebook-ը կարդում է sms -հաղորդագրությունները: Պարբերականը սխալվում է ինչպես տերմինաբանության, այնպես էլ այն ենթադրությունների հարցում, թե այդ հնարավորությունը մենք կյանքի ենք կոչել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական Vesti.ru կայքը հաղորդում է, որ Facebook-ի ներկայացուցիչները հայտնել են, թե իրենց` Android գործառնական համակարգով սմարթֆոնների համար նախատեսված համակարգչային ծրագիրն օգտատերերից թույլտվություն է հարցնում sms-հաղորդագրություններ ստեղծելու և կարդալու համար, ինչն էլ կատարվում է նոր գործառույթներ փորձարկելու համար: Թե ինչ նորույթների մասին է խոսքը, ներկայացուցիչները չեն հստակեցրել:
|