ԱՄՆ-ի ամենախոշոր ազգային անվտանգության ծառայության մի աշխատակցի կողմից գաղտնի փաստաթղթերի բացահայտումը ցույց տվեց, որ գաղտնալսվում են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը` սկսած սկայպից վերջացրած Facebook-ով: Այս մասին, այսօր` հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ միակ խոշոր ցանցը, որը չկար այդ ցուցակում, դա Twitter-ն է: «Պարզ դարձավ, որ գործում է մի համակարգ, որը թույլ է տալիս գաղտնի գործակալության աշխատակիցներին անմիջապես ներթափանցել օգտատերերի ներքին գործունեության տարածք՝ սկսած չաթերից, ֆայլերի փոխանցում, գրառումներ, սայթի հասցեներ եւ այլն եւ այլն»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը խոստովանել է, որ նման համակարգ գործում է: «Բայց խոսքը նրա մասին չէ, որ ծառայությունն անմիջապես ներթափանցում է Facebook-ի սերվերների մեջ, այլ կա առանձնացված սերվեր, որին այդ գործակալությունը դատական հայցով ուղարկում է տվյալ գործը եւ նոր թույլատվություն ստանում: Գաղտնի ծառայության աշխատակիցը բացահայտեց նաեւ անսահման ինֆորմացիան, որտեղ երեւում է, թե ինչ քանակի փաստաթղթեր է ստանում գործակալությունը տարբեր երկրներից: Օրինակ, ԱՄՆ-ի մասին նշեց, որ 30 օրվա մեջ ստանում են մոտ 3 մլրդ փաստաթուղթ»,-ասաց փորձագետը: Նա նաեւ նշեց, որ այդ փաստաթղթերում երկրները ներկված էին կանաչից դեպի կարմիր: «Կանաչը քիչ ակտիվություն է, կարմիրը՝ շատ: Հայաստանը դեղին էր, այսինքն մեր հանդեպ հետաքրքրությունը նույն գույնի էր, ինչ ԱՄՆ-ի: Օրինակ Վրաստանն ու Ադրբեջանը կանաչ են»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է Հայաստանի հատուկ ծառայություններին, նա ասաց. «Այն, որ մեր ԱԱԾ-ն կարող է Facebook-ն ամբողջությամբ գոնե մոնիթորինգ անել, չեմ ասում ներքին, այլ բաց գրառումները, նույնիսկ ես դա կկասկածեմ: Գիտե՞ք ինչու, որովհետեւ ֆեյսբուքը փակ համակարգ է: Ֆեյսբուքի հասարակ օգտատիրոջ գրառումները կարելի է գաղտնալսել, եթե չի միացրել «սեքյուր բրաուզինգը»: Օրինակ, նույնիսկ երեխաների մոտ հեռախոսի միջոցով անգամ սրճարանում, թույլ է տալիս ամբողջ կապը գաղտնալսել, եթե պաշտպանված կապ չեն օգտագործում»,- նշեց նա:, պաշտպանվելու առումով խորհուրդ տալով միշտ զգոն լինել, գաղտնաբառը երկար լինի: Ինչ վերաբերում է «Օդնոկլասնիկի» կայքին, Մարտիրոսյանը հիշեցրեց, որ մի ժամանակին մեղադրում էին, որ դա ռուսական գաղտնի ծառայությունների կայքն է, քանի որ պահանջում է, որ գրանցվելիս պարտադիր քո նկարը տեղադրես: «Եթե հանկարծ շունիկի նկարն էին դնում, ջնջում էր: Սկսեցին մեղադրել, որ դա նրա համար է, որ կայքում աշխատում է դեմքի ճանաչման ավտոմատացված համակարգ եւ շունիկը խանգարում է ФСБ-ին նորմալ աշխատել: Միշտ պետք է հաշվի առնել, որ դա ուրիշ երկրի օրենքнերի տակ է գտնվում եւ Ռուսաստանում գաղտնի ծառայության համակարգը բավականին լավ է գործում եւ պետք է այնտեղից էլ զգույշ մնալ»,- խորհուրդ տվեց փորձագետը: |