Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարն» այսօր պայմանագիր է կնքել վերջին հավաքների ժամանակ թիմում փորձաշրջան անցած 3 ֆուտբոլիստի հետ:
«Գանձասարի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը«Արմսպորտին» տեղեկացրել է, որ այդ ֆուտբոլիստներն են սերբ Դեյան Վուկմանովիչը, բելառուս Սերգեյ Չույկովը և Սերգեյ Հովակիմյանը: Նա նաև ասել է, որ ակումբը շուտով պայմանագիր կկնքի Հրաչ Յագանի հետ:
Անդրադառնալով առաջիկա անելիքներին` Խաշմանյան նշել է, որ թիմն ընթացիկ ուսումնամարզական հավաքը կավարտի երկկողմանի խաղով:
«Փետրվարի 28-ին նախատեսել էինք ևս մեկ ստուգողական հանդիպում անցկացնել, սակայն տեղի թիմերի մեծամասնությունն այս պահին արտերկրյա ուսումնամարզական հավաքներ են անցկացնում, և, ամենայն հավանականությամբ, այդ օրը երկկողմանի հանդիպում կանցկացնենք, որով և կավարտենք հավաքը»:
Երեկ նորեկներն էլ փորձաշրջան են անցել «Գանձասարում», իսկ Դեյան Վուկմանովիչն արդեն հասցրել է աչքի ընկնել ռմբարկուական հատկանիշներով` վերջին ստուգողական խաղում 3 գնդակ ուղարկելով Աբովյանի «Կինգ Դելյուքսի» դարպասը (3:1): |